Պատերազմի հանգամանքների բացահայտումը պետք է դառնա բանակի արդիականացման հայեցակարգի հիմքը

27-12-202014:47 Դիտումներ 4

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ստեղծել պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ, որը կտա հետևյալ հարցերի պատասխանը. ինչո՞ւ, ինչպե՞ս սկսվեց պատերազմն, ու ի՞նչ պատճառով պարտություն կրեց հայկական կողմը։ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագծով փաստահավաք խմբում ներկայացված կլինեն ոչ միայն 3 խորհրդարանական խմբակցությունները՝ 4-ական ներկայացուցիչով, այլև վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցրած ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Մենք» դաշինքը։ Նրանցից մեկական ներկայացուցիչ կլինի խմբում: Նախատեսվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս կմասնակցի աշխատանքներին։ Աշխատանքների համար նախատեսվում է 10 ամիս ժամանակ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանը, սակայն, չի բացառել, որ քննարկումների արդյունքում ժամկետները կարող են երկարաձգվել, որովհետև ակնհայտ է, որ աշխատանքի ծավալը շատ մեծ է լինելու։

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու ԼՀԿ առաջարկին նշեց՝ գործող խորհրդարանը մինչև արտահերթ ընտրությունները չի կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ.«Նախևառաջ՝ սա ծանր ու երկարատև աշխատանք է ենթադրում։ Կարծում եմ նաև, որ չպետք է ժամանակային սահմանափակումներ դնենք՝ 10 ամիսը բավարար չէ։Իսկ եթե այս խորհրդարանն է դա նախաձեռնում՝ նման սահմանափակում դրվում է։ Երկրորդ՝ բոլորս էլ ֆիքսում ենք, որ այս խորհրդարանը դելեգիտիմացված է և պատերազմում պարտություն կրելուց հետո ո՛չ իշխող քաղաքական ուժը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ անկախ պատգամավորները այլևս չունեն վստահության այն մանդատը, որով կարող են անաչառ կերպով լծվել նախանշված աշխատանքին, որի հաջողության համար անհրաժեշտ է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կամքը, իշխող ուժի նկատմամբ վստահությունը, որը և կապահովի պետական համակարգի բոլոր սուբյեկտների պարտադիր մասնակցությունը փաստահավաք հանձնաժողովին և նրա հավաքագրած վկայությունների ներքին քաղաքական նպատակներով օգտագործելու անթույլատրելիությանը։

 

Պատգամավորը շեշտեց՝ հիմնական տեղեկատվությունը բանակում է, կան նաև արտաքին բլոկի պատասխանատուներ. «Փաստահավաք կամ քննիչ հանձնաժողով ձևավորելու որոշում պետք է կայացնի լեգիտիմ մարմինը, իսկ մասնակիցները պետք է լինեն նոր քաղաքական իրավիճակին համապատասխան քաղաքական ուժեր։ Արտահերթ ընտրություններով փոխվելու է և՛ մասնակիցների թիվը և՛ ներկապնակը և՛ համամասնությունը։ Կարծում եմ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում մենք բոլորս պետք է նախանշենք, որ նման նպատակ ունենք, բայց կարևորը ոչ թե սոսկ նպատակի արձանագրումն է, այլ ինչպես անելը, որ խմբի աշխատանքի նկատմամբ ոչ մի վերապահում չլինի»։

Արման Բաբաջանյանը կարևորում է Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների՝ նման աշխատանքի փորձ ունեցող մասնագետների ներգրավումը. «Մենք ոչ թե պետք է մարդկանց բերենք հարցաքննենք ու նրանց դարձնենք ներքաղաքական «ռազբորկայի» սուբյեկտ՝ թե ինչու է, օրինակ, Մովսես Հակոբյանը Սամվել Բաբայանի վկայությամբ, հրաժարվել է հրաման կատարել, այլ իսկապես հասկանանք՝ իրական, օբյեկտիվ ինչ պատճառներ են եղել։ Քաղաքական ուժերը պետության առաջ պարտավորություն ունեն՝ անկախ նրանից դու իշխանություն ես , թե ընդդիմություն։ Ես շատ կուզեի, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը հանդես գար, որովհետև սա մեր բանակն ու պետությունն է, պարտությունն էլ պետության պարտությունն է։ Նախաձեռնողը պետք է լինի իշխանությունը, հրավիրի մյուսներին ու ցույց տա, որ իսկապես բացահայտելու շահագրգռություն ունի»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս պահին առաջնահերթ է ներքաղաքական իրավիճակի կայունությունը.«Կարծում եմ հասաարկությունն ուզում է իմանալ պատճառները, բայց ինձ համար առավել արդիական ու կարևոր է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը դառնա բանակի արդիականացման հիմքը։ Քննիչ հանձնաժողովի հիմնական առաքելությունը պետք է լինի նոր ադիական հայկական բանակի հիմքը՞՝ թե՞ մենք ինչ չպետք է անենք, որ այս սխալը կրկնելու հավանականություն չունենանք։ Վարչապետը բերում է հուլիսյան մարտերի օրինակը, բայց հուլիսյան մարտերն ինչքանո՞վ էին հավասարազոր կամ մոտ այն պատերազմին, որ տեղի ունեցավ։ Իսկ մենք հուլիսին իրավունք ունեի՞նք՝ չիմանալ, թե ինչ է լինելու սեպտեմբերին։ Ի դեպ՝ վարչապետն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մենք արտաքին հետախուզություն չունենք։ Փաստորեն ֆիքսենք՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը արտաքին հետախուզություն չունի։ Արդյոք ՝ սա քննելու հարց է… պարզվում է, որ դա Սերժ Սարգսյանի ժամանակ է վերացվել։ Երբ նախկին նախարարն ասում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, ես իրեն հարց եմ ուզում ուղղել՝ ի՞նչ նկատի ուներ։ Երբ քաղաքական որոշում էր կայացնում ՍՈՒ 30 ձեռք բերելու, ի՞նր վերլությունների հիման վրա է այդ որոշուկը կայացվել, արդյո՞ք դա արվել է։ Ո՞վ էր որոշում կայացրել, որ մենք համարժեք միջոցներ չպետք է ձեռք բերենք, ինչու՞ էր ասում, էր ԱԹՍ-ին պատասխանելու այլ միջոցներ կան և մենք դրա վրա ենք կենտրոնացել։ Հարց եմ տալիս՝ որո՞նք էին այդ միջոցները»։

Պատգամավորը բերեց Լիբիայի օրինակը և համեմատական անցկացրեց արցախյան պատերազմի հետ.«Այնտեղ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմ էին մղում ու պարզորոշ ցույց տրվեց այն նույն սցենարն ու ավարտը, որը եղավ Արցախում։ Նույն ՀՕՊ-երը՝ Պանցիրները Ռուսաստանը տարավ Լիբիա, որը չաշխատեց թուրքական Բայրաքթարների դեմ։ Ինչու՞ էինք մենք վստահ, որ Թուրքիան չի մտնի Հարավային Կովկաս, ու՞ր էր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, որտեղի՞ց է ստացել նման տեղեկություններ։ Անվտանգության խորհուրդ կա՞ր, ու՞ր էր ԱԽ-ի քարտուղարը։ Ես Արմեն Գրիգորյանին հարցնում եմ՝ ե՞րբ է վերջին անգամ խոսել Պատրուշևի հետ, արդյոք այս պատերազմը եղել է քննարկման առարկա։ Երբ մենք Հունաստանի ու Կիպրոսի հետ հակաթուրքական նախագծեր էինք պլանավորում, պատկերացնու՞մ էինք, որ այստեղ թեժացնում ու Թուրքիայի ներգրավվածությունը արցախյան խնդրում դարնձնում ենք անխուսափելի»։

Եզրափակելով Ա. Բաբաջանայնը շեշտեց՝ պետք է հասկանանք արդյոք արտգործնախարարությունը պատերազմ սնուցող մարմի՞ն է եղել, թե՞ դիվանագիտություն, որը պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ տեղի չունենար. «Երբ 2005 թվականին Ռ. Քոչարյանը ասում էր՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն անհամատեղելի են, իրականում օգնու՞մ էր,թե՞ ոռոգում այսօրվա պարտությունը։ Ի՞նչ ասել է ՝ համատեղելի, սա բնակարան չի, որ ծախենք գնանք ուրիշ տեղ։ Իսկ ով պետք է գտնի այդ համատեղելիության մոդուսը։ Արդյոք մենք դրանից հետո ավելի չենք սրել այդ անհամատեղելիությունը»։

Նյութի աղբյուր` https://www.1in.am/2879057.html

Կարդացեք նաև